Thursday, August 1, 2013

Ջոնաթան Դեյտոն, Վալերի Ֆերիս, «Little Miss Sunshine»/«Маленькая мисс Счастье»/«Փոքրիկ միսս Երջանկություն»

Ռեժիսորներ՝ Ջոնաթան Դեյտոն, Վալերի Ֆերիս

Սցենարիստ՝ Մայքլ Արնդտ

Երկիրը՝ ԱՄՆ

Ժանրը՝ կատակերգություն, դրամա

Գլխավոր դերերում՝ Էբիգեյլ Բրեսլին, Ալան Արկին, Գրեգ Կիննիր, Տոնի Քոլետտ, Պոլ Դեյնո, Ստիվ Քերելլ

Կոմպոզիտոր՝ Մայքլ Դանա, DeVotchKa

Թողարկման ամսաթիվը՝ 20 հունվարի 2006

Բյուջեն՝ 8 մլն. ԱՄՆ դոլլար

Եկամուտ կինոթատրոններից՝ մոտ 100 մլն. ԱՄՆ դոլլար



«Փոքրիկ միսս Երջանկությունը» բավականին դրական, պարզ, բայց խիստ օրիգինալ ու շատ կարծրացած տեսանկյունների մարտահրավեր նետող ֆիլմ է: Այն շատ նուրբ ու տակտով անդրադառնում է «պոպուլյար հոգեբանությանն» ու «հաջողակ լինելու» արվեստին, տարիքային տարբեր խմբերի խնդիրներին, մանկական գեղեցկության մրցույթներին ու ընտանեկան ներքին հարաբերություններին ժամանակակից աշխարհում: Ու նրան, թե ինչպես է ընտանիքը փոխազդում հասարակության հետ, ինչպես է արտաքին «բյուրոկրատիան» անդրադառնում հասարակության վրա ու ինչպիսի կատակերգական դրսեվորումներ է ստանում արտաքին «բյուրոկրատիան», երբ սկսում է կիրառվել ընտանիքի ներսում:

Իրավիճակն այսպիսին է. ներքին բազմաթիվ խնդիրներով ու բարդ փոխհարաբերություններով ընտանիքում կրտսեր երեխան հրավեր է ստանում՝ մասնակցել մանկական գեղեցկության մրցույթի: Քանի որ ընտանիքի անդամներից ոչ մեկին մենակ թողնելը լավ միտք չի, իսկ երկուսին միասին թողնելն՝ առավել ևս, ամբողջ ընտանիքը նստում է դեղին Volkswagen T2 միկրոավտոբուսն ու ճանապարհորդում ԱՄՆ-ով մեկ:

Փորձեմ ներկայացնել ընտանիքի անդամներին այնպես, որ թե՛ իրավիճակն ավելի պարզ լինի, թե՛ սպոյլերներ չանեմ: Ընտանիքի մայրը՝ Շերիլը (Տոնի Քոլետտ), գերհոգնած է ու ճնշված ընտանիքի հոգսերից: Նրա եղբայր Ֆրենկը (Ստիվ Քերելլ) գիտնական է՝ Մարսել Պրուստի մասնագետ, նույնասեռական: Նա հենց նոր ինքնասպանության փորձ է արել, ինչի պատճառով նրան հանձնել են քրոջ ընտանիքի խնամքին: Ընտանիքի հայր Ռիչարդը փորձում է վաճառել հաջողության հասնելու իր դասընթացը: Ցավոք, հաջողության մասին դասընթացներ կարդացող մարդն այս հարցում այնքան էլ հաջողակ չի: Շերիլի նախորդ ամուսնությունից երեխան՝ Դուեյնը (Պոլ Դեյնո) լռության երդում է տվել, մինչև չիրականացնի իր երազանքն ու օդաչու չդառնա: Ֆրենկի Երկրորդ համաշխարհայինի վետերան հորը՝ Էդվինին (Ալան Արկին), վռնդել են ծերանոցից հերոին օգտագործելու համար: Շերիլի ու Ռիչարդի փոքրիկ աղջիկ Օլիվը (Էբիգեյլ Բրեսլին) շատ մոտ է պապի հետ:

Ցանկացած դեպքում, եթե «нудный» տիպ չեք, խորհուրդ եմ տալիս նայել այս ֆիլմը: Այն թեթև է, բայց ոչ մակերեսային: Հաճախ զվարճալի է, բայց ոչ անհոգի:

Ու փոքրիկ բոնուս՝

No comments:

Post a Comment