Tuesday, November 5, 2013

Ռինտարո, «メトロポリス»/«Metropolis»/«Մետրոպոլիս»

Ռեժիսոր՝ Ռինտարո

Սցենարիստ՝ Կացուհիրո Օտոմո

Երկիրը՝ Ճապոնիա

Ժանրը՝ գիտական ֆանտաստիկա, անտիուտոպիա, անիմե

Կոմպոզիտոր՝ Տոշիյուկի Հոնդա

Թողարկման ամսաթիվը՝ 26 մայիսի 2001

Բյուջեն՝ 14,5 մլն ԱՄՆ դոլլար

Եկամուտը կինոթատրոններից՝ մոտ 4 մլն դոլլար



«Մետրոպոլիսը» անտիուտոպիա-անիմե է՝ նկարահանված Ֆրից Լանգի 1927 թվականի նույնանուն գերմանական էքսպրեսիոնիստական ֆիլմի ու 1949 թվականի Օսամու Տոձուկիի մանգայի հիման վրա: Ֆիլմը թողարկվել է 2001 թվականին:

Մետրոպոլիսը գերքաղաք է, որտեղ կողք կողքի գոյատևում են թե՛ մարդիկ, թե՛ ռոբոտներ: «Մետրոպոլիսի» ալեգորիան Զիգգուրատի՝ Բաբելոնյան աշտարակի մերօրյա պատկերման շուրջ է. մարդկային մտքի ու տեխնոլոգիայի գագաթնակետ, որը ստեղծված է... ավելի մեծ իշխանության հասնելու համար: Այն զենք է, որը պետք է իրեն ենթարկի ամբողջ աշխարհը, հասնի մինչև երկինք:

Իսկ շրջապատում տնտեսական դեպրեսիա է, մարդիկ պայքարում են աշխատանքում իրենց փոխարինած ռոբոտների դեմ, ժխտելով նրանց գոյության իրավունքը: «Մարդուկ» շարժումը նպատակ ունի ոչնչացնել ռոբոտներին, կարելի է ասել՝ ռասիստական կազմակերպություն է: Նրա ետևում կանգնած է Զիգգուրատի ստեղծող ու Մետրոպոլիսի փաստացի տիրակալ Կարմիր Հերցոգը: Սյուժեն զարգանում է ռոբոտ Թիմայի ու երիտասարդ Կենիչիի ընկերության շուրջ, որը կարող է ռոբոտ-աղջկա կյանքին նոր նշանակություն ու նոր ճակատագիր տալ: Իսկ կատարտիկ հանգուցալուծումը պարզապես հիասքանչ է ստացվել ֆիլմում:

Ֆիլմի երաժշտությունը Նոր Օռլեանյան ջազի ոճով է գրված, ամերիկյան Մեծ դեպրեսսիայի հետ զուգահեռները բավականին շատ են: Սցենարը գրել է «Akira» անիմեի ստեղծող Կացուշիրո Օտոմոն, իսկ ռեժիսորը Շիգեյուկի «Ռինտարո» Հայաշին է՝ ստաժով անիմե-ռեժիսոր, որի նկարահանած աշխատանքներից է «Final Fantasy: Legend of the Crystals»-ը:

«Մետրոպոլիսն» ինձ դուր է գալիս նկարների յուրօրինակությամբ, ռետրո-ոճով, իսկապես գեղեցիկ սցենարով ու իսկապես ցնցող, թեկուզ մի փոքր կանխատեսելի ավարտով: Շատ չփիլիսոփայեմ, լավ կլիներ ֆիլմը դիտած մյուս մարդկանց կարծիքն էլ լսել: Ցանկացած դեպքում՝ խորհուրդ եմ տալիս բոլորին: Միայն թե զգուշացնեմ՝ բավականին դաժան ֆիլմ է:

Անդրադառնալով ֆիլմի եկամտաբեր չլինելուն, չնայած աստղային կազմին, քննադատների ու Ջեյմս Կամերոնի տված բարձր գնահատականներին, կարծում եմ՝ այստեղ կա կինոդիտողների կոնկրետ մասսայի սնոբիզմի խնդիրը, երբ անիմե բառն ասոցացվում է դեռահասների համար նախատեսված ճապոնական մուլտֆիլմերի հետ (թեև անիմեները բաժանվում են խմբերի ըստ իրենց դեմոգրաֆիայի), իսկ միջին վիճակագրական անիմե դիտողի համար «Մետրոպոլիսը» չափազանց խիստ է շեղվում անիմեի ընդունված կանոններից ու չափազանց լուրջ թեմաներ է շոշափում: Ու, ի վերջո, միջին վիճակագրական անիմե դիտողը դժվար թե տեղյակ լինի, թե ով է Ֆրից Լանգն ու ինչ արժեք ունի 20-ական թվականների համր գիտաֆանտաստիկ ֆիլմը:

No comments:

Post a Comment